Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անունից Ա. Բախշյանը նամակ է ուղարկել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, որտեղ ցանկանում է պարզել, թե որքանով է իրավաչափ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշումը, որով նա իր խորհրդականներին նշանակել է ոլորտային պատասխանատուներ:
Նամակում ասվում է.
«Երեւան քաղաքի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամների անունից խնդրում եմ պարզաբանել Երեւանի քաղաքապետի 18.06.2013թ. N 3104-Ա որոշմամբ իր խորհրդականներին ոլորտային պատասխանատուներ նշանակելու իրավաչափության հարցը:
Խնդրում եմ նաեւ պարզաբանել, թե որքանով է իրավաչափ հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց հանձնարարել ոլորտների պատասխանատվությունն այն դեպքում, երբ վերջիններս այդ գործառույթով ստանում են համապատասխան ոլորտում համայնքային ծառայություն իրականացնող մասնագետներին՝ պաշտոնատար անձանց հրամաններ եւ (կամ) հրահանգներ արձակելու իրավունք, վերահսկում են նշված պաշտոնատար անձանց աշխատանքները, այն էլ այն դեպքում, երբ քաղաքապետը ունի չորս տեղակալներ»:
Մասնավորապես քաղաքապետի խորհրդական Ալիկ Գեւորգյանը, համաձայն վերոնշյալ որոշման, համակարգում եւ վերահսկում է քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության աշխատանքները եւ պատասխանատու է դրա համար: Այսինքն՝ Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը ենթարկվում է քաղաքապետի խորհրդականին, որը հայեցողական պաշտոն է, իսկ Տրանսպորտի վարչության պետի պաշտոնը՝ համայնքային ծառայողի:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























