Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը քննիչի վերադաս դատախազին է բողոքարկել քննիչի որոշումը, որով մերժվել էր իր պաշտպանյալի քրեական հետապնդումը դադարեցնելու մասին իր միջնորդությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Նա նշեց, որ մինչեւ այդ միջնորդել էր որպեսզի իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնեն, որը ներկայացրել էր քննիչին: «Քննիչը մերժել էր եւ ես իր մերժումը բողոքարկել եմ իր վերադաս դտախազին` Արտակ Հարությունյանին»,- ավելացրեց Հայկ Ալումյանը:
Խոսելով ակնկալիքների մասին ասաց, որ համոզված է, որ իր այդ միջնորդությունը մի օր բավարարվելու է: «Հարցը նա է, երբ է բավարարվելու եւ որ ատյանում: Դա նույն է, թե մաթեմատիկոսներին երկար բացատրես, թե երկուսին գումարած երկուս ինչքան է անում: Իրավաբանության մեջ այն փաստերը, որը ես ներկայացնում եմ իմ բողոքի մեջ, մոտավորապես նույն մակարդակի իրավաբանությունն է, ինչքան պարզ թվաբանական գործողությունները մաթեմատիկայի մեջ: Հիմա չեն ցանկանում նկատել, բայց ես կարծում եմ, որ մի օր նկատելու են, համոզվելու դրանում եւ իմ միջնորդությունը կամ բողոքները բավարարելու են»,- կարծիք հայտնեց Փաստաբանը:
Նշենք, որ Արտակ Բուդաղյանին հուլիսի 9-ին մեղադրանք է առաջադրվել Քր.օր.-ի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը: Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել էր, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը: Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի ատրճանակից եւ որսորդական հրացանից:
Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Վիրավորներին Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերների ուղեկցությամբ շտապ օգնության մեքենաներով տեղափոխել են Երեւան: Գորիսում հայտնի Սդղի լճում խնջույք է եղել, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վեճ է ծագել, որը շարունակվել է Սյունիքի մարզպետի տան մոտ: Դեպքի կապակցությամբ ձերբակալվել, ապա կալանավորվել էր Սյունիքի մարզպետի թիկանապահ Զարզանդ Նիկողոսյանը եւ Սուրեն Խաչատրյանի որդին` 19-ամյա Տիգրան Խաչատրյանը: Գործի քննությունն իրականացնում է զինվորական դատախազությունը: Նրանց շահերը կպաշտպանեն երեք փաստաբան՝ Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը, Կարմեն Սահակյանը, Մարտին Զիլֆուղարյանը:





























