Ֆրանսիայում 70 տարեկանում վախճանվել է «Նավասարդ» պարային խմբի ղեկավար Էդդի Ջոլոլյանը: Նրա հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 1-ին, Փարիզի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, տեղեկացնում է «Nouvelles d`Arménie»-ն:
Ջոլոլյանը ծնվել է 1942թ-ին Փարիզում: Հայկական պարը նրա մեծագույն կիրքն էր: 1958 – 1966թթ. լինելով «Սոսի» հայկական բալետի մենապարողը` 1967 թ-ին նա հիմնել է «Նավասարդ» հայկական բալետը, որն էլ ղեկավարել է իր ողջ կյանքի ընթացքում: Նա նաեւ ստեղծել է «Նավասարդ» պարային ակադեմիան` երեխաներին վաղ տարիքից սովորեցնելու համար:
2000թ-ին նրան շնորհվել է Ֆրանսիայի ազգային շքանշան, նա նաեւ ստացել է երիտասարդության եւ սպորտի Ոսկե մեդալ: Ջոլոլյանը պարգեւատրվել է նաեւ Հայաստանի մշակույթի նախարարության պատվոգրով, եղել է ՅՈւՆԵՍԿՕ-ի միջազգային պարային խորհրդի անդամ:





























