Հրաչյա Հարությունյանի նկատմամբ տեղի ունեցող հետապնդումն ակնհայտ է դարձրել Ռուսատանի Դաշնությունում տեղ գտած եւ օրեցօր մեծացող ռասիզմը եւ այլատյացությունը: Այս մասին ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին եւ մի շարք այլ եվրոպացի պաշտոնյաների ուղղված իր նամակում նշել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԵԽԽՎ հավասարության եւ խտրականության դեմ պայքարի հանձնաժողովի մշտական անդամ Զարուհի Փոստանջյանը:
Նամակը հասցեագրված է նաեւ հետեւյալ պաշտոյաներին.
Էդվարդ Նալբանդյանին՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ
Պարոն Անդրեաս Հերկելին՝ ԵԽԽՎ մշտադիտարկման հանձնաժողովի նախագահ
Թեոդորա Բակոյանիսին, Անդրեաս Գրոսսին եւ հանձնաժողովի անդամներին՝
ՌԴ տարածքում մշտադիտարկում իրականացնող հանձնաժողովի համազեկուցողներ
Թինա Ակետոֆին եւ հանձնաժողովի անդամներին՝ ԵԽԽՎ հավասարության եւ խտրականության դեմ պայքարի հանձնաժողովի նախագահ
Քրիստոֆեր Չոպին եւ հանձնաժողովի անդամներին՝ ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ
Նիլս Մուզնիկսին՝ ԵԽԽՎ մարդու իրավունքներ հանձնակատար
Եվա Սմիթին եւ բյուրոյի անդամներին՝ Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի բյուրոյի ղեկավար
ԵԽԽՎ ազգային պատվիրակությունների ղեկավարներին:
Ստորեւ ներկայացնում ենք Զարուհի Փոստանջյանի նամակը.
«Հարգելի գործընկերներ,
Սույն նամակով տեղեկացնում եմ Ձեզ 2013 թվականի հուլիսի 13-ին Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի մոտ՝ Նոր Մոսկվա քաղաքում, տեղի ունեցած ողբերգական ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով կալանավորված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի ոտնահարված իրավունքների մասին:
Հրաչյա Հարությունյանի նկատմամբ տեղի ունեցող հետապնդումն ակնհայտ է դարձրել Ռուսատանի Դաշնությունում տեղ գտած եւ օրեցօր մեծացող ռասիզմը եւ այլատյացությունը: Կասկածյալ Հրաչյա Հարությունյանը հիվանդանոցից դատարան է ներկայացվել կանացի հագուստով:
Ռուսաստանի Դաշնության պետական հեռուստաալիքի` «Ռուսաստան 1», «Լուրեր» հաղորդաշարով տեսանյութ է թողարկվել (տես` http://www.youtube.com/watch?v=J2c6qrfbp-w#at=21) որտեղ ազգությամբ հայ տղամարդու նկատմամբ, նվաստացուցիչ պայմաններում, ոչ միայն անցկացվել է դատավարություն, այլեւ տեսանյութի հեղինակ` Օլգա Սկաբեեւան նվաստացնող, վիրավորող, անմեղության կանխավարկածը խախտող մեկնաբանություններով է հանդես եկել՝ հատկապես շեշտադրում կատարելով տղամարդու ազգային պատկանելությանը: Բացի վերը նշվածից տեսանյութում Մոսկվայի քաղաքապետ` Սերգեյ Սոբյանինը, հանդես է եկել հայտարարությամբ, որով սպառնացել է օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ խտրական մոտեցման քաղաքականություն կիրառել:
2013 թվականի հուլիսի 13-ին տեղի ունեցած ողբերգական դեպքի հետեւանքով զոհվել էր 18 մարդ, մի քանի տասնյակ մարդիկ ստացել էին տարբեր տեսակի վնասվածքներ: Հրաչյա Հարությունյանը, ով եղել է մասնավոր ընկերությանը պատկանող անսարք «Կամազ» բեռնատար ավտոմեքենայի վարորդը, նույնպես ստացել էր տարբեր մարմնական վնասվածքներ, առանց անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալու, նա տեղափոխվել էր դատարան եւ անմիջապես կալանավորվել: Այս պահին նա գտնվում է Մոսկվայի «Մատրոսկայի տիշինա» մեկուսարանի հիվանդանոցային բաժնում:
Նման ողբերգական իրադարձություն հնարավոր է տեղի չունենար, եթե Ռուսաստանի Դաշնությունը, լինելով Եվրոպայի Խորհրդի անդամ, չլիներ ամենակոռումպացված երկրներից մեկը:
Բոլորիս հայտնի է Ռուսաստանի Դաշնությունում տիրող համատարած կոռուպցիան, հայտնի են արդարդատության համակարգի արատները, բայց, երբ այս ամենին գումարվում է ռասիզմը եւ այլատյացությունը, ակհայտ վտանգվում է ոչ միայն իրավունքի գերակայությունը, այլ նաեւ բազմազգ Ռուսաստանի Դաշնությունում այլ ազգի ներկայացուցիչների կյանքի եւ արժանապատվության իրավունքը:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ` ուշադրության կենտրոնում պահել Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հրաչյա Հարությունյանի խախտված իրավունքների վերաբերյալ դեպքը եւ պահանջել Ռուսաստանի Դաշնության իշխանություններից անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ պատասխանատվության կանչելու «Ռուսաստան 1» «Լուրեր» հաղորդաշարի լրագրող Օլգա Սկաբեեւային եւ Մոսկվա քաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին` այլատյացության եւ ռասիզմի տարածման համար, իսկ իրավապահ մարմինների եւ բժշկական հաստատության ներկայացուցիչների նկատմամբ անհապաղ քննություն սկսել` Հրաչյա Հարությունյանի պատիվը եւ արժանապատվություն նվաստացնելու փաստով»:





























