Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հուլիսի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինին:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, թե հանդիպմանը Վեհափառ Հայրապետը շնորհավորել է Ռուսաստանի դեսպանին նշանակման առիթով` իր աղոթքն ու բարեմաղթանքները բերելով նրա առաքելության հաջող իրականացման եւ արդյունավորման համար:

Իր խոսքում Նորին Սրբությունը  գոհունակությամբ անդրադարձել է երկու երկրների միջեւ դարերի ընթացքում ձեւավորված ջերմ հարաբերություններին` ուրախությամբ արձանագրելով, որ երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում իր կարեւոր ներդրումն  ունի նաեւ Հայոց Եկեղեցին: Զրույցի ընթացքում երկուստեք կարեւորվել է տարբեր բնագավառներում հարաբերությունների առավել սերտացումը, ապա անդրադարձ է կատարվել նաեւ Հայ Առաքելական եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցիների եղբայրական հարաբերություններին եւ Ռուսաստանի հայկական համայնքի հոգեւոր կյանքին: