Վրաստանում անցած տարի աճել են ԶԼՄ-ների ազատության հետ կապված խնդիրները: Այդ մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության՝ մարդու իրավունքների ամենամյա զեկույցում, որ հրապարակվել է «2009 Country Reports on Human Rights Practices» վերտառությամբ:

Փաստաթղթում մասնավորապես նշվում է, որ չնայած ակնհայտ առաջընթացին, Վրաստանում արձանագրվել են ուժի կիրառման, քաղաքական շարժառիթներով հետապնդումների, ԶԼՄ-ների ազատության սահմանափակման, մարդկանց առեւանգելու դեպքեր:

«Կա հավաստի տեղեկատվություն, որ իշխանությունները սահմանափակում են խոսքի եւ մամուլի ազատությունը: 2009թ. ընթացքում հասարակական կազմակերպություններն ու անկախ փորձագետները մեղադրել են բարձրաստիճան պետական պաշտոնյաներին եւ ընդդիմադիրներին՝ խմբագրման քաղաքականության եւ հեռարձակման ցանցի վրա ճնշումների համար: Նրանք դրան հասել են տեղեկատվական ծառայությունների եւ հեռուստաընկերությունների ղեկավարների հետ անձնական շփումների շնորհիվ»,- ասված է ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում, հաղորդում է GHN-ը:

Միեւնույն ժամանակ զեկույցի հեղինակները բավարարված են Քրեական օրենսգրքի բարեփոխումներով, ատենակալների ինստիտուտի ներդրմամբ, Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններով, համաձայն որոնց՝ այս տարվա մայիսին առաջին անգամ կայանալու են Թբիլիսիի քաղաքապետի ուղղակի ընտրությունները: