Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում նահանգապետ Ժերալդու Ալկմինի քաղաքականության դեմ ուղղված ցույցը վերաճել է ոստիկանության հետ բախումների:
Ցույցին մասնակցել է 300 մարդ: Ցույցի ընթացքում բողոքողների շարքերում փակ դիմակներով ագրեսիվ տրամադրված անձինք են հայտնվել: Նրանք սկսել են կոտրել խանութների ցուցափեղկերը եւ բանկերի գրասենյակների ապակիները: Վանդալների ճանապարհին հայտնված մի քանի մեքենաներ նույնպես վնասվել են, հայտնում են լրատվամիջոցները:
Կատաղած ցուցարարներին հանգստացնելու համար ոստիկաններն արցունքաբեր գազ եւ աղմկարար նռնակներ են կիրառել: 20 ցուցարար ձերբակալվել է, հաղորդում է «Ռոսբալտը»:
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին եւս Սան Պաուլուի ոստիկանությունը ցրել էր բողոքի ցույցը, որի մասնակիցներն ավերել էին բանկի յոթ մասնաճյուղեր, կոտրել ճանապարհային նշանները եւ պատնեշներ կառուցել կենտրոնական փողոցներից մեկում` այդպիսով արգելափակելով մեքենաների երթեւեկությունը եւ խցանում առաջացնելով: Ցուցարարները նաեւ հրդեհել էին տեղի հեռուստակայաններից մեկի մեքենան:





























