«Ալ-Կաիդա» ահաբեկչական ցանցն իր վրա է վերցրել Իրաքում իրականացրած ահաբեկչությունների պատասխանատվությունը: Հիշեցնենք, որ միայն հուլիսին այդ երկրում ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է առնվազն 900-ի: Ինչպես այսօր հաղորդում են արաբական լրատվամիջոցները, Իրաքի սունիական ծայրահեղական խմբավորումներից մեկի տարածած հայտարարությունում ասվում է, որ «ահաբեկչության թիրախներն ընտրվել են ամենայն մանրամասնությամբ. դրանք հիմնականում շիական օբյեկտներ էին», փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Միայն երկուշաբթի եւ երեքշաբթի ականապատված ավտոմեքենաների պայթյունների եւ Բաղդադում ու մի շարք այլ քաղաքներում մահապարտ-ահաբեկիչների ակցիաների  արդյունքում զոհվել է մոտ 100 իրաքցի: Տարեսկզբից ի վեր ծայրահեղականներն Իրաքում սպանել են ավելի քան 4 հազար քաղաքացու:

Իրաքի ՆԳՆ-ն այս կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է, որ «մենք բախվել ենք բացահայտ պատերազմի հետ, որի միջոցով արյունարբու ծայրահեղականները ձգտում են երկիրը քաոսի վերածել»: Նախարարությունը քաղաքացիներից պահանջել է համագործակցել իրենց հետ՝ ծայրահեղականների դեմ պայքարի հարցում: Դրա դիմաց խրախուսում է խոստացվել, իսկ գրոհայիններին թաքցնելու դիմաց՝ պատիժ: