Մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի ընդունումից հետո Անկարայում Շվեդիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ` բացատրության համար։
Թուրքական Dunyabulteni կայքէջի փոխանցմամբ՝ Անկարայում Շվեդիայի դեսպան Քրիստեր Ասպը նշել է, որ Շվեդիայի կառավարությունը կապ չունի ընդունված որոշման հետ, ժողովրդավարական կառույց հանդիսացող խորհրդարանն է ընդունել որոշումը։ «Շվեդիայի կառավարությունը նշել է, որ 1915-ի իրադարձությունները պետք է թողնվեն պատմաբաններից կազմված անկախ հանձնաժողովի ուսումնասիրությանը։ Շվեդիան աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը եւ Թուրքիայի հետ ունի շատ լավ հարաբերություններ, իսկ նման զարգացումների հետեւանքները պետք է լուծվեն երկխոսության միջոցով։ Շվեդական խորհրդարանի ընդունած որոշումը չի կարող ազդել Թուրքիայի ԵՄ անդամակցության ջանքերին»,-նշել է Անկարայում Շվեդիայի դեսպանը։
Նշենք, որ Շվեդիայի խորհրդարանը (Ռիկստագ) ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ։ Շրջանառության մեջ դրված նախագծի լոբբինգը կատարում էին Շվեդիայի 3 ընդդիմադիր՝ Սոցիալ-դեմոկրատական, Կանաչների եւ Ձախերի կուսակցությունները։ Բանաձեւն ընդունվել է 131 կողմ եւ 130 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Ի նշան բողոքի, Թուրքիայի կառավարությունը ետ է կանչել Շվեդիայում իր դեսպանին եւ չեղյալ հայտարարել 2010-ի մարտի 17-ին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Շվեդիա:



















