Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը կոչով դիմել է «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության անդամներին եւ նշել, որ տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ պայքարում մեծ է նրանց դերակատարումը՝ հանրության տարբեր շերտերի աջակցությամբ:
«Այդ պայքարն արդարացված էր, եւ մենք ողջունում ենք հաղթանակը:
Այժմ ժամանակն է մտածելու, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի տրանսպորտը, որպեսզի հասանելի լինի եւ բավարարի մեր քաղաքացիների պահանջներին:
Հանրային խորհուրդն այդ ուղղությամբ շարունակելու է աշխատանքներ իրականացնել՝ հիմնվելով հանրության եւ մասնագետների կարծիքների վրա: Այդ նպատակով մենք դիմեցինք նաեւ ձեզ՝ մասնակցելու մեր աշխատանքներին, ինչ համար այսօր հրավիրեցինք Հանրային խորհուրդ:
Ի դեպ, ինչ որ բանի դեմ լինելով, քաղաքացին պարտադրված չէ նաեւ լուծումներ առաջարկել: Այդ առումով ձեր խմբի բազմաթիվ անդամներ, մասնակցելով բողոքի ցույցերին, միգուցե ցանկություն չհայտնեն մասնակցել առաջարկներ եւ լուծումներ գտնելու գործընթացին, ինչը բնական է:
Ինչ վերաբերում է տրանսպորտի նոր մոդելի մշակմանը, ապա դա լուրջ աշխատանք է եւ տեխնիկապես դժվար կլինի իրականացնել ձեր առաջարկած ձեւաչափով: Երբ որ մեր աշխատանքների արդյունքում մշակվի տրանսպորտի աշխատանքի որոշակի մոդել, ապա այն Մաշտոցի պուրակում քննարկման դնելը շատ արդյունավետ կարող է լինել:
Այնուհանդերձ, Հանրային խորհուրդը, որպես համագործակցության առաջին քայլ, ընդունում է այսօրվա հանդիպումը ժամը 20:00-ին Մաշտոցի պուրակում անցկացնելու ձեր հրավերը, որի ընթացքում առաջարկում ենք քննարկել ձեր կողմից ներկայացուցչական խումբ ձեւավորելու եւ մեր հետագա աշխատանքներին մասնակցելու եղանակները»,- նշել է հանրային խորհրդի նախագահը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























