Երեւանի քաղաքապետարանը վաղուց է մոռացել էլեկտրատրանսպորտի զարգացման մասին: Այս մասին այսօր՝ հուլիսի 31-ին, լրագրողներին հայտնել  է «Սպառողների միություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը: Ըստ նրա՝ ներկայիս իրավիճակում էլեկտրատրանսպորտի արմատական փոփոխություններն անլուծելի են, սակայն հետագայում քաղաքապետարանը պարտավոր է կատարել դրանք: 

«Ես ծանոթ եմ Երեւանի քաղաքային տրանսպորտի զարգացման բոլոր ծրագրերին եւ սկզբունքներին՝ սկսած 1988թ.-ից: Ամենուր «ուշադրություն է դարձվում զարգացմանը»: Սակայն որտե՞ղ է որոշակիությունը. միջոցառումների ժամանակացույց, նոր գծեր: Իսկ ե՞րբ է համալրվելու շարժակազմը: Այդ ամենի մասին ոչինչ չի ասվում: Քաղաքապետարանը վարկաբեկել է իր տնտեսական քաղաքականությունը, այդ թվում նաեւ՝ տրանսպորտի ոլորտում», – ասել է Պողոսյանը:

Ըստ նրա՝ էլեկտրատրանսպորտը ավտոբուսների եւ երթուղայինների հետ պետք է կառավարվի  մեկ ՓԲԸ-ից: «Ուղեւորների համար դա նշանակում է մեկ  ուղեւորատոմս: Այդ գաղափարը զարգացրել էր նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Այո, այժմ նա չէ քաղաքապետը:  Սակայն ո՞վ է ասել, որ ղեկավարության փոփոխությանը զուգահեռ  բոլոր հին ծրագրերը պետք է դադարեցվեն: Դրանում է մեր կառավարման համակարգի թերությունը: Այն կառուցվում է առանձին մարդկանց կամքով, այլ ոչ թե յուրաքանչյուրի համար պարտադիր  ծրագրերի հիման վրա», – նշել է ՀԿ-ի նախագահը: