Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անունից Անահիտ Բախշյանը նամակ է ուղարկել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին` խնդրելով պարզաբանել, թե որքանով է իրավաչափ Երեւանի քաղաքապետի հունիսի 18-ի  որոշումը` իր խորհրդականներին ոլորտային պատասխանատուներ նշանակելու մասին:

«Խնդրում եմ նաեւ պարզաբանել, թե որքանով է իրավաչափ հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց հանձնարարել ոլորտների պատասխանատվությունն այն դեպքում, երբ վերջիններս այդ գործառույթով ստանում են համապատասխան ոլորտում համայնքային ծառայություն իրականացնող մասնագետներին՝ պաշտոնատար անձանց հրամաններ եւ (կամ) հրահանգներ արձակելու իրավունք, վերահսկում են նշված պաշտոնատար անձանց աշխատանքները, այն էլ այն դեպքում, երբ քաղաքապետը ունի չորս տեղակալներ»:

Մասնավորապես քաղաքապետի խորհրդական Ալիկ Գեւորգյանը, համաձայն վերոնշյալ որոշման, համակարգում եւ վերահսկում է քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության աշխատանքները եւ պատասխանատու է դրա համար: Այսինքն՝ Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը ենթարկվում է քաղաքապետի խորհրդականին, որը հայեցողական պաշտոն է, իսկ Տրանսպորտի վարչության պետի պաշտոնը՝ համայնքային ծառայողի»,- նշել է Բախշյանը: