Ծառայությունների ոլորտում 2013 թ. հուլիսին հունիսի համեմատ սակագներն աճել են 5.0%-ով, ինչը հիմնականում բնակարանային-կոմունալ ծառայությունների սակագների` 12.1% հավելաճի արդյունք է (կապված խողովակաշարերով բնակչությանը գազային վառելիքի եւ
էլեկտրաէներգիայի վաճառքի սակագների` 2013 թ. հուլիսի 7-ից ուժի մեջ մտած աճի հետ): Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:
Վերոհիշյալ ծառայությունների սակագների աճերը 2013 թ. հուլիս ամսվա ՍԳԻ-ում ներառվել են 2/3 մասով, քանզի ամսվա համար գների առաջին դիտարկումը իրականացվել է հուլիսի 1-ին` մինչ սակագների փոփոխությունը):
2013 թ. հուլիսին հունիսի համեմատ խողովակաշարերով բնակչությանը գազային վառելիքի վաճառքի, բնական գազով ավտոմեքենայի լիցքավորման եւ բնակչությանը էլեկտրաէներգիայի վաճառքի ծառայությունների սակագների ընդհանուր աճը կազմել է 14.5%: Վերոհիշյալ ծառայությունները սպառողական զամբյուղում ունենալով 11.26% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 1.64 տոկոսային կետով:
2013 թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է տրանսպորտի` 0.1%, բուժսպասարկման`0.4%, հանգստի կազմակերպման` 0.4%, հանրային սննդի` 0.4% սակագների հավելաճ:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2013 թ. հուլիսին հունիսի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 4.7-5.7% հավելաճ, ընդ որում, հավելաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Գյումրիում: Մայրաքաղաքում ծառայությունների սակագներն աճել են 4.9%-ով:




























