Երեւանի քաղաքապետարանի մոտ շարունակվում է մի շարք պաշտոնյաների հրաժարականի պահանջով նստացույցը:

Ակտիվիստները թռուցիկներ են բաժանել՝  տեղեկություններ ներկայացնելով  տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի եւ «Երեւանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանի վերաբերյալ, ովքեր ոչ միայն պաշտոն են զբաղեցնում, այլեւ երթուղայինների գծատերեր են, իսկ օրեր առաջ՝ ակցիաների ժամանակ հայհոյել եւ վիրավորել են քաղաքացիներին: «Նման արժեքներ կրող մարդիկ չեն կարող պաշտպանել մեր շահերը»,- ասվում է թռուցիկում:

Քաղաքապետարանի առջեւ կանգնած ոստիկանները փորձել են խոչընդոտել թռուցիկների բաժանումը: Ակտիվիստների փոխանցմամբ, Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների մի մասը հրաժարվել է վերցնել թռուցիկները, իսկ մի քանիսն էլ վախվորած վերցրել են եւ արագորեն նետել աղբարկղերը:

Ակտիվիստները այսօր նաեւ պատրաստվում են թիրախային գործողություն իրականացնել թիվ 18 երթուղում, որը, ըստ շրջանառվող լուրերի, պատկանում է տրանսպորտի վարչության պետին:

Հիշեցնենք, որ արդեն 6-րդ օրն է, ինչ «Չենք վճարելու 150 դրամ» նախաձեռնության ակտիվիստները քաղաքապետարանի առջեւ նստացույց են կազմակերպել եւ ի թիվս այլոց, որպես առաջնային խնդիր նշվում է տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին եւ «Երեւանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանին պաշտոնանկ անելու պահանջը: