Հանրապետության տարբեր քաղաքներից, այդ թվում` Ստեփանակերտից, լուրեր են ստացվում, որ հանցավոր վարչախումբը չի հրաժարվում ավտոտրանսպորտի վարձավճարի թանկացման իր ծրագրից: Այդ մասին ասվում է «Նախախորհրդարան» նախաձեռնության տարածած հայտարարության մեջ:

«Փաստորեն, վարչախումբը փոխել է իր մարտավարությունը: Սկզբում նա ծրագրել էր նախ Երեւանում թանկացնել ավտոտրանսպորտի վարձավճարը, իսկ դրանից հետո առանց դիմադրության նույնն անել մյուս քաղաքներում: Սակայն Երեւանում հանդիպելով քաղաքացիական ակտիվի աննախադեպ դիմադրությանը, նա որոշել է ժամանակավոր նահանջ կատարել եւ իր կամքը առանձին-առանձին պարտադրել քաղաքացիական ակտիվի համեմատաբար ավելի քիչ ռեսուրս ունեցող փոքր քաղաքներին, իսկ այնուհետեւ կատարված փաստի առաջ կանգնեցնել մայրաքաղաքի ժողովրդին ու փորձել իր ամբողջ ռեսուրսի կիրառման միջոցով  հաստատել նախատեսվող վարձավճարը:

Վստահ ենք, որ հանրապետության մյուս քաղաքներում եւս ավտոտրանսպորտի վարձավճարի թանկացման քայլերը հանդիպելու են քաղաքացիական ակտիվի, ապա նաեւ` բնակչության մեծ մասի գործուն դիմադրությանը:

Ակնհայտ է, որ երկրում տիրող համակարգային ճգնաժամի պայմաններում իրադարձությունների զարգացումը դուրս է գալու դիտարկվող հարցի ու տվյալ քաղաքների տարածքների շրջանակներից եւ աստիճանաբար վերածվելու է համակարգային հարցադրումներ հետապնդող համաժողովրդական ընդվզման ալիքի` այդտեղից բխող հետեւանքներով հանդերձ:

Մենք նաեւ զգոնության կոչ ենք անում Երեւանի եւ հանրապետության մարզերի քաղաքացիական ակտիվին, առաջին հերթին` երիտասարդությանը, եւ հորդորում ենք պատրաստ  լինել համարժեք դիմադրություն ցույց տալու ցանկացած քաղաքում ավտոտրանսպորտի թանկացման քայլերին:

Համոզված ենք, որ իր երկրին ու ճակատագրին տեր կանգնող ժողովուրդն այս հարցում նույնպես հասնելու է իր նպատակին` եւս մեկ քայլով մոտեցնելով մեր արժանապատվության եւ իրավունքների համար մղվող համընդհանուր պայքարի հաղթական ավարտը»,- նշել են հայտարարության հեղինակները: