Մասնավոր պահնորդական կազմակերպությունը դեռ չդադարեցրած իր պայմանագիրը կողմի հետ, ոստիկանության քաղաքային վարչությունը պարտադրում է, որ պահպանությունն այսուհետ իրենք են իրականացնելու: Այս մասին NEWS.am-ի  թղթակցի հետ զրույցում ասաց Մասնավոր պահնորդական  գործունեություն իրականացնող եւ պահնորդներ ուսուցանող կազմակերպությունների միության նախագահ Հովհաննես Պետրոսյանը:

Նա տեղեկացրեց, որ երեկ խոսել է Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ, ով ասել է, որ ոստիկանության քաղաքային վարչությունն արդեն պայմանագիրը կնքել է: «Հարգելի պարոն Օսիպյան, Քաղաքային վարչության ո՞ր ստորաբաժանումն է  իրականացնելու դա: Քաղաքային վարչությունն իրավունք չունի նման պայմանագիր կնքել եւ նման գործառույթներով զբաղվել»,- նշեց Հովհաննես Պետրոսյանը: Նա տեղեկացրեց, որ այսօր` օգոստոսի 1-ից, իրենք արդեն փորձում են այդ գործառույթը իրականացնել եւ խոսելով իրենց անելիքներից ավելացրեց. «Այսօր ժամը 21.00-ին ամբողջ միությունը լինելու է մետրոյի «Բարեկամություն» մետրոյի կայարանի գետնանցումում եւ տեսնի, թե ինչ կարգով եւ  ինչ ձեւով է իրականացվելու այդ ծառայությունը քաղաքային վարչության կողմից եւ, որ օրենքի շրջանակներում»: