Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը գրություն է ուղարկել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝  պաշտոնական վարկածով ինքն իրեն ամրակցված ԱԿՍ-74 տիպի ինքնաձիգից հուլիսի 31-ին մահացու հրազենային վիրավորում հասցրած եւ մահացած Մանուչար Մանուչարյանի մահվան փաստով մանրամասները ճշտելու եւ իրենց կողմից ձեռնարկված միջոցների մասին տեղեկանալու նպատակով: Այս մասին NEWS.am-ի  թղթակցի հետ զրույցում ասաց ՄԻ Պաշտպանի զինծառայողների գծով խորհրդական Երանուհի Թումանյանցը: Նա նաեւ տեղեկացրեց, որ ՄԻՊ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Հայկ Կաչյանը հանդիպել է Մանուչար Մանուչարյանի հարազատներին, խոսել ծնողների, հարազատների եւ հարեւանների հետ:

Ընդհանուր առմամբ՝ Մանուչարի մայրը որդուն բնութագրել է շատ դրական, հանգիստ, կազմակերպված եւ կյանքով լեցուն երիտասարդ: Քանի որ ընտանիքը գտնվել է սոցիալապես անապահով վիճակում, տղան աշխատել է 15 տարեկանից, որ ընտանիքը պահի: 

Մանուչարի մոր փոխանցմամբ՝ Մանուչարը մեկ տարի առաջ է մեկնել ծառայության եւ հուլիսի 1-ին եկել էր արձակուրդ: Նա շատ լավ տրամադրություն է  ունցել եւ ոչ մի բողոք չի ներկայացրել: Մանուչարը հուլիսի 10-ին է վերադարձել զինված ուժեր ծառայության:

Հիշեցնենք, որ Մանուչարի մորն ասել են, թե տղան «աղանդավորական շարժման» անդամ է եղել եւ դրանով է պայմանավորված ինքնասպանության հանգամանքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էին Մանուչարի հարազատները: Այնինչ, մայրը պնդել է, որ իր որդին հայ առաքելական եկեղեցու հետեւորդ է եղել, իսկ «աղանդավորական շարժման» վերաբերյալ պատմությունը հորինվածք է: Մայրը նշել էր նաեւ, որ իրենց ընտանիքը շատ դժվարություններ է հաղթահարել եւ նոր-նոր ոտքի էր կանգնում, հետեւաբար որդին չէր գնա ինքնասպանության: Մորն ասել են նաեւ, որ որդու դիակի մոտ այրված թուղթ է հայտնաբերվել, որը եւս կապել են աղանդավորականության հետ: Արցունքն աչքերին պատմելով այս մասին, Մանուչարի մայրը ավելացրել է, որ այսքան ժամանակ լռել է, բայց էլ չի լռելու:

Նրանք ընտանիքում 3 երեխա են, Մանուչարն ունի իրենից մեծ եղբայր եւ իրենից փոքր քույր: Նրա ծնողներն ամուսնալուծված են, երեխաներն ապրում են մոր հետ: Հարազատները նշեցին, որ այս գործն այսպես չեն թողնելու:

Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ հուլիսի 31-ին, ժամը 13:20-ի սահմաններում N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մանուչար Մերուժանի Մանուչարյանը գտնվելով պահակակետի դիտաշտարակում, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ԱԿՍ-74 տիպի ինքնաձիգից ինքն իրեն հասցրել է մահացու հրազենային վիրավորում: Փաստի առթիվ  ՀՀ քր. օր-ի 110 հոդ. 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) Հայաստանի ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Տղայի ընտանիքը գրացված է Ստեփանավանում, սակայն բնակվում են Վանաձորում:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am