Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանում Եղվարդի խճուղու ավելի քան 64 հազար քմ ընդգրկող ճանապարհի հիմնական մասում հիմնանորոգման, մասնավորապես ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայց է կատարել Երեւանի շինհրապարակներում:

Ճանապարհի հարթեցումից հետո այստեղ կատարվել է ոչ միայն երթեւեկելի հատվածի ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգում, այլեւ մայթերի նորոգում ու եզրաքարերի փոխարինում, անձրեւատարների եւ դիտահորերի նորոգում, նաեւ՝ նորերի կառուցում: Տարոն Մարգարյանը տեղում հանձնարարել է ամենօրյա հսկողություն իրականացնել ասֆալտապատման աշխատանքների որակի ապահովման ուղղությամբ:

«Շինարարների առջեւ անհրաժեշտ որակն ապահովելու խնդիր է դրված, եւ այդ ուղղությամբ քաղաքապետարանի պատասխանատուների հսկողությունն ամենօրյա է: Մեր պահանջը հստակ է. այդ ճանապարհները պետք է երկար ծառայեն երեւանցիներին ու դրա պատասխանատուն հենց կապալառուն է: Շինարարական կազմակերպությունների հետ պայմանագրերում հստակ նշված է, որ առաջիկա 5 տարիներին ճանապարհի սպասարկումը պետք է իրականացնի հենց այն կազմակերպությունը, որը կատարել է այդ աշխատանքները»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանի ծրագրերով կապիտալ ու մասնակի ասֆալտապատման աշխատանքների ծավալն այս տարի կկազմի շուրջ 2.5 միլիոն քմ: Կհիմնանորոգվի շուրջ 30 փողոց, կասֆալտապատվեն նաեւ բազմաթիվ երկրորդական փողոցներ, մայթեր ու բակային տարածքներ:

Աշխատանքային շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանն այցելել է նաեւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող 2.6 կմ երկարությամբ նոր ավտոմայրուղու կառուցման շինհրապարակ եւ, շրջելով ճանապարհի ամբողջ երկայնքով, տեղում հետեւել ընթացող աշխատանքներին:

Իսկակովի պողոտայի եւ նոր կառուցվող ավտոճանապարհի հատման հատվածում քաղաքապետի շրջայցի պահին կատարվում էին ուղետարի հարդարման աշխատանքներ` առաջիկայում պողոտայի երթեւեկության երկրորդ ուղղությունը վերականգնելու նպատակով: Ճանապարհի հաստատված նախագծի վրա Տարոն Մարգարյանին է ներկայացվել նաեւ աշխատանքների ներկա  փուլը:

Նոր կառուցվող ավտոմայրուղին, համաձայն նախագծի, կունենա երկու ուղղություններով 2-ական երթեւեկաշերտ եւ շուրջ 1,9 կմ երկարությամբ ուղետարներ` մի կողմից միանալով Ծովակալ Իսակովի պողոտային, իսկ մյուս կողմից՝ Լենինգրադյան փողոցին:

Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ շինհրապարակում աշխատանքներն ընթանում են երկու հերթափոխով՝ սահմանված ժամանակացույցի համաձայն, ինչը թույլ կտա արագընթաց մայրուղին հնարավորին շուտ հանձնել շահագործման:

Տարոն Մարգարյանը տեղում պատասխանատուներին հանձնարարել է քայլեր ձեռնարկել նաեւ տարածքի ընդհանուր բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքների մեկնարկի ուղղությամբ:

«Լենինգրադյան-Իսակով ավտոճանապարհի կառուցման աշխատանքների մոտ 70 տոկոսն ավարտված է: Արդեն պատրաստ է Լենինգրադյան փողոց-Իսակովի պողոտա  ճանապարհի թունելային եւ Իսակովի պողոտայի կամրջի հատվածները: Առաջիկայում կավարտվեն նաեւ դրանց արտաքին հարդարման աշխատանքները: Հարակից տարածքների բարեկարգման ու կանաչապատման ուղղությամբ եւս կտարվեն աշխատանքներ: Վստահ եմ, երբ ճանապարհը շահագործման հանձնենք, կունենանք ոչ միայն որակյալ, այլեւ բարեկարգ ճանապարհ»,- ընդգծել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: