Քիչ առաջ Երեւանի քաղաքապետարանի մոտ «Վճարելու ենք 100 դրամ» շարժման ակտիվիստներն սկսեցին վրանի տեղադրումը, որը մինչ այդ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն արգելում էր, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Օսիպյանը հայտարարեց, որ հակառակը լինել չի կարող, քանի որ Քաղաքացիական օրենսգրքի 172/2 հոդվածի համաձայն պետք է դիմել լիազոր մարմնին եւ համապատասխան թույլտվություն ստանալ, որը չկա:

Ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ քաշքշուկ է սկսվել, որի ժամանակ ոստիկանության բաժին բերման են ենթարկել ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանին:

Մինչ այդ, Արգիշտի Կիվիրյանը մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ այդ հոդվածում նման նախապայման չկա, եւ ինքը կարող է այդ հոդվածը տրամադրել:

Նա նշել է, որ ոստիկանությունը փորձում է սադրանքներ անել եւ հարցը տանել այլ ուղղությամբ: Կիվիրյանը ոստիկաններին կոչ է արել  ինչպես միշտ հերթական ապօրինի գործողությունը չփաթաթել իրենց վզին:

Օսիպյանն իր հերթին հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր չեն ենթարկվի ոստիկանության պահանջներին, կենթարկվեն վարչական պատասխանատվության: Նա հայտարարել է, որ Արգիշտի Կիվիրյանը վարչական պատասխանատվության կենթարկվի եւ նոյւնը կլինի բոլոր նրանց հետ, որոնք կփորձեն վրան տեղադրել քաղաքապետարանի դիմաց:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am