Այս պահին Երեւանի քաղաքապետարանի դիմաց ուժեղ հրմշտոց է սկսվել ակտիվիստների ու ոստիկանության աշխատակիցների միջեւ, որի կիզակետում է ակտիվիստ Վարդգես Գասպարին: Քաշքշուկի ընթացքում մի կին ուշաթափվեց, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը՝ հավելելով, որ իրավիճակը շարունակում է լարված մնալ:
Այս պահին ուշաթափված կնոջը փորձում են ուշքի բերել:
Հիշեցնենք, որ «Չենք վճարելու 150 դրամ» շարժման ակտիվիստները փորձում են վրան տեղադրել քաղաքապետարանի դիմաց, իսկ ոստիկանները թույլ չեն տալիս: Ոստիկանություն բերման է ենթարկվել ակտիվիստներից Արգիշտի Կիվիրյանը:
Ականատեսները NEWS.am-ին պատմեցին, որ Արգիշտի Կիվիրյանին հարվածելով են բերման ենթարկել: «Ուժեղ հարվածեցին վզին, գլխին, մեջքին եւ մոտ մեկ տասնյակի հասնող ոստիկաններով, ոտքերից ու ձեռքերից բռնած մտցրեցին ոստիկանության մեքենան»,-ասաց ականատես կանանցից մեկը՝ հավելելով, որ ակտիվիստը դիմադրություն ցույց չի տվել, միայն ոստիկաններին ասել է վրաներից ձեռք մի տվեք:
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել է, որ բերման կենթարկվեն եւ վարչական պատասխանատվության կենթարկվեն բոլոր նրանք, որոնք կփորձեն վրան տեղադրել:
Ակտիվիստները վանկարկում են «ամոթ, ամոթ»:





























