Երեւանի քաղաքապետարանի դիմաց ոստիկանները խլել են ակտիվիստների վրանները, որոնք վերջիններս ցանկանում էին տեղադրել շենքի դիմաց, որտեղ նստացույց է ընթանում, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը (ֆոտոռեպորտաժ):

Ոստիկանները վրանները դրել են իրենց մեքենաների մեջ: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ կանխարգելիչ միջոցառումների շրջանակում են այդպես վարվել, խոստանալով վերադարձնել դրանք ավելի ուշ:

Օսիպյանը նստացույցի մասնակիցներին նաեւ խոստացավ, որ անձրեւանոցներ կտրամադրի, ինչին վերջիններս հակադարձեցին, որ արդեն 6 օր է նստացույց է ընթանում եւ պետք էր անձրեւանոցներ ավելի շուտ տրամադրել, ինչը չի արվել:

Հիշեցնենք, որ «Չենք վճարելու 150 դրամ» շարժման ակտիվիստները փորձում էին վրան տեղադրել քաղաքապետարանի դիմաց, իսկ ոստիկանները թույլ չէին տալիս: Ոստիկանություն բերման է ենթարկվել ակտիվիստներից Արգիշտի Կիվիրյանը:

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել է, որ բերման կենթարկվեն եւ վարչական պատասխանատվության կենթարկվեն բոլոր նրանք, որոնք կփորձեն վրան տեղադրել:

Ոստիկանների եւ ակտիվիստների միջեւ քաշքշուկի ժամանակ մի կին է ուշաթափվել:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am