Ադրբեջանում 2008 թ. նախագահական ընտրությունների, 2009 թ. հանրաքվեի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ սահմաափակվել են քաղաքացիների իրավունքները։ Այս մասին ասված է ԱՄՆ պետդեպարտամենտի մարդու իրավունքների ամենամյա «2009 Country Reports on Human Rights Practices» զեկույցում։

Խոսելով հանրաքվեի մասին՝ Պետդեպարտամենտն իր զեկույցում նշում է, որ քվերակության նախօրեին սահմանափակվել են հավաքների եւ խոսքի ազատությունները, փոփոխությունների օգտին հանդես եկողները ճնշումների են ենթարկվել։

Բացի սրանից, զեկույցում նշված է, որ իշխանությունները, ընդդիմությանը զանգվածային միջոցառումների համար տեղեր հատկացնելով ծայրամասերում, իշխող կուսակցությանը տրամադրել են կենտրոնական հրապարակը։ Ոստիկանությունը ձերբակալել է շուրջ 50 երիտասարդների, կանխել Իսրայելի դեսպանատան, հեռուստառադիոհեռարձակման ազգային խորհուրդի, խորհրդարանի եւ այլ շինությունների առջեւ կայացած ակցիաները։

Ինչպես այնուհետեւ նշվում է զեկույցում, Ադրբեջանում օրենքներն արգելում են մամուլի գրաքննությունը, սակայն կառավարության գործունեության մեջ հաճախ է ի հայտ գալիս խոսքի ազատության հանդեպ անհարգալից վերաբերմունքը։

«Չնայած նրան, որ ընդդիմադիր կուսակցությունները շարունակում են տպել իրենց թերթերը, իսկ մարդու իրավունքների պաշտպանները շարունակում են իրենց գործունեությունը, որոշ դեպքերում չինովնիկները պատժել են կառավարությանը քննադատած անձանց»,- ասվում է Պետդեպարտամենտի զեկույցում։

Պետդեպարտամենտը նշել է նաեւ բլոգերներ Էմին Միլլիի եւ Ադնան Հաջիզադեի դեմ հարուցված գործի մասին։