«Բանկերում, այդ թվում «Յունիբանկում» մեր ընտանիքը հաշիվներ ունի, բայց պարտքեր չունի»: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, գործարար Արագած Ախոյանը եւ ավելացրեց, որ բարեբախտաբար ինքը սնանկացման եզրին չի եւ նման մտավախություններ էլ չունի: «Դժվար բան չկա, եթե չեք վստահում, կարողեք «Յունիբանկից» հարցնել: Բայց դե մարդ ենք ,ապրում ենք եւ դա կարող է ինչ-որ մեկին դուր չգալ»,- նշեց գործարարը: Ավելին` ընդգծեց, որ նոր թափով է շարունակում իր բարեգործությունները:
Բարեգործական նպատակներով օգոստոսի 14-18-ը լինելու են Ստամբուլում, Մշակույթի նախարարության կողմից Գրիգոր Նարեկացի հուշամեդալով պարգեւատրելու են Յաշալ Քեմալին, ով, ըստ Ախոյանի, 1951 թ-ի հունիսի 25-ին անձնազոհ կերպով փրկել է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին: «Մշակութային միջոցառումների շրջանակներում կբարձրացնենք նաեւ վերջերս շրջանառվող այն մտահոգությունները, որ Մուշի հայկական տները ցանկանում են քանդել եւ մի շարք այլ հիմնախնդիրներ: Մենք ցույց ենք տալու, որ մենք տեր ենք մեր տներին , հողերին եւ մշակութային արժեքներին»,- տեղեկացրեց Արագած Ախոյանը եւ ավելացրեց, որ միջոցառումը կազմակերպվելու է «Անատոլի կուլտուր», « Օսման Կավալան» հասարակական կազմակերպությունների եւ «Արեւմտահայ ազգային համագումար» միջազգային կազմակերպության հետ համատեղ, որի ազգային խորհրդի անդամ է նաեւ ինքը:





























