Եվրամիության հետ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ու Ասոցացման համաձայնագիրը Հայաստանին տալիս է տնտեսական զարգացման նշանակալի հնարավորություններ: Սա խնդրի տեսական կողմն է, որը գործնականի վերածելու համար Հայաստանը պետք է կատարի մի շարք տնտեսական ու քաղաքական բարեփոխումներ: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Իսկ այստեղ իրավիճակը բարդ է: Եվրոպական կես միլիարդանոց գնողունակ շուկան Հայաստանի առաջ կբացվի, եթե Հայաստանում արտադրվող ապրանքներն ու ծառայությունները համապատասխանեն եվրոպական չափանիշներին, ինչը հայաստանյան ընկերությունների համար նշանակելու է լրացուցիչ ծախսեր: Հարց է առաջանում՝ ո՞վ կարող է այդ ամենն անել Հայաստանում, եթե փոքր ու միջին բիզնեսը մի կերպ է կարողանում յոլա գնալ եւ միջոցները հազիվ ներդնում է գոյություն պահպանելու համար:
Հայաստանում ապրանքի որակի եւ անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցների խնդիր չունեն խոշոր գործարարները կամ օլիգարխները: Նրանք այնքան գերշահույթներ են ստացել եւ այնքան ազատ միջոցներ ունեն, որ խնդիր չունեն նոր ներդրումներ կատարել ապրանքներն ու ծառայությունները եվրոպական չափանիշների բերելու համար: Իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ Խորը եւ համապարփակ առեւտրի մասին համաձայնագրից օգտվելու է միայն օլիգարխիան:
Արդյունքում Եվրոպայի հետ հարաբերության սերտացումը Հայաստանի քաղաքացու կյանքի որակի վրա կարող է ունենալ չնչին բարելավում՝ աշխատավարձի որոշ հավելագրումների տեսքով: Իսկ քաղաքացու համար ազատ հնարավորությունների, անձնական ներուժի օգտագործման մասով ամեն ինչ կրկին կշարունակի մնալ օլիգարխիայի ենթակայության տակ: Ազատ Եվրոպա դուրս կգան Սամվել Ալեքսանյանը, Գագիկ Ծառուկյանը, Սաշիկը, Խաչատրյան Գագիկը, ողջ ծաղկաբույլը, իսկ Հայաստանի քաղաքացիների ստեղծագործ ներուժը կմնա պարփակված...»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):





























