Հայաստանի ժողովրդագրական վիճակին վերաբերող օրերս հրապարակված պաշտոնական տվյալներից ակնհայտ է դառնում, որ տարեցտարի նվազում է մեր այն հայրենակիցների թիվը, որոնք ժամանակին հեռացել են Հայաստանից, բայց պարբերաբար այցելում են հայրենիք։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Այսպես, ըստ սահմանահատումների մասին պաշտոնական վիճակագրության՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան ժամանած ԱՄՆ քաղաքացիություն ունեցող անձանց թիվը կազմել է 9,5 հազար, այն դեպքում, երբ անցած տարի այդ թիվը 14 հազար 700 էր։ Ֆրանսիայի քաղաքացիություն ունեցող անձանց թիվը այս տարի կազմել է 6800՝ անցած տարվա 11 հազարի դիմաց, Հոլանդիայից՝ 1700, անցած տարվա 3400-ի հազարի դիմաց, Ռուսաստանից՝ 146 հազար, անցած տարվա 182 հազարի դիմաց եւ այլն...
Ակնհայտ է, որ գործ ունենք ոչ միայն տարեցտարի ահագնացող արտագաղթի հետ, այլեւ ականատեսն ենք մի երեւույթի, երբ արտագաղթած մեր հայրենակիցները կորցնում են հայրենիքում գոնե ժամանակավորապես գտնվելու ցանկությունը»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):




























