Աֆրիկյան միության դիտորդական պատվիրակության ղեկավար Օլուսեգուն Օբասանջոն Զիմբաբվեի համընդհանուր նախագահական ընտրություններն անվանել է արդար, ազատ եւ վստահության արժանի:

Դիտորդների մեծամասնությունը քվեարկության ընթացքում զգալի խախտումներ էին արձանագրել: Ընդ որում, Զիմբաբվեի կառավարությունն արեւմտյան պատվիրակություններին արգելել էր հետեւել ընտրություններին, հաղորդում է   BBC-ի ռուսական ծառայությունը:

Հուլիսի 31-ին ընտրատեղամասերում քվեարկողներ ցանկացողների հերթեր էին գոյացել, սակայն ըստ նախնական գնահատման, մեկ միլիոն քաղաքացի այդպես էլ չի կարողացել քվեարկել: 

Զիմբաբվեում միաժամանակ տեղի են ունենում նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ:

Երկրում հանուն իշխանության պայքարում են ներկայիս 89-ամյա նախագահ Ռոբերտ Մուգաբեն, որն այդ պաշտոնին է արդեն 33 տարի, եւ գործող վարչապետ Մորգան Ցվանիրային:

Սպասվում է, որ ընտրությունների պաշտոնական արդյունքները կհայտարարվեն օգոստոսի 5-ին: