Նախօրեին հաքերները կոտրել էին ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Քոլին Փաուելի էլեկտրոնային հասցեն, ինչի արդյունքում համացանցում հայտնվել  էր ռումինացի քաղաքական գործիչ Կորինա Կրետուի հետ նրա  նամակագրությունը:  Կրետուից ստացված շատ նամակներ ռոմանտիկ երանգավորում են ունեցել, սակայն Քոլին Փաուելը հերքում է Ռումինիայի նախագահի նախկին մամուլի քարտուղարի հետ ունեցած սիրային կապի մասին լուրերը, հաղորդում է Russia Today-ը:

Փոստը կոտրելուց հետո հանրության դատին են ներկայացվել էլեկտրոնային նամակներ, որոնց մի մասը բավական սուր բովանդակություն ունեին: Մասնավորապես  Կորինա Կրետուն ամերիկացի քաղաքական գործչին իր բազմաթիվ լուսանկարներն է ուղարկել, այդ թվում նաեւ՝ լողազգեստով, հայտնում է  New York Daily News-ը:

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարի ստացած հաղորդագրությունների թվում եղել են նաեւ այսպիսինները. «Ես շատ ուժգին եմ սիրել քեզ, շատ երկար տարիներ: Դու իմ կյանքի ամենամեծ սերն ես»: 2010թ. Սուրբ ծննդյան նամակում Կրետուն խոստովանել էր.  «Ես երբեք չէի մտածի, որ 43 տարեկանում ես աղջնակի նման դեռ կարող եմ արտասվել տղամարդու համար»:

Այնինչ Քոլին Փաուելը հերքում է Կորինա Կրետուի հետ սիրային կապը: Նա խոստովանել է, որ իրականում շատ է շփվել Կրետուի հետ էլեկտրական փոստի միջոցով, սակայն դա եղել է ընկերական նամակագրություն, որը, հնարավոր է, ինչ-որ պահի, չափազանց ոչ պաշտոնական է դարձել, սակայն հետո վերադարձել է նախկին հունին:

76 տարեկան ամերիկացի քաղաքական գործիչն իր կնոջն ու ամբողջ աշխարհին ստիպված է եղել բացատրել, որ հավատարիմ ամուսին է եղել 50 տարվա ամուսնական կյանքի ընթացքում: