Քալիֆորնիայի Բըրբենք քաղաքի բնակիչ, 24-ամյա Գեւորգ Բոյաջյանի ընտանիքը դիմել է հանրությանը՝ խնդրելով օգնել իրենց պարզելու Գեւորգի գտնվելու վայրը։ Այս նպատակով Ֆեյսբուքում հատուկ էջ է բացվել, որտեղ մանրամասն նկարագրված է Գեւորգի արտաքինն ու տեղադրված են նրա լուսանկարները։

Գեւորգին վերջին անգամ տեսել են հուլիսի 20-ի երեկոյան իր սպիտակ «Լեքսուս» սեդանով տնից դուրս գալիս։ Հեռանալիս Գեւորգը տխուր է եղել։ Մեկ ժամ անց նա հեռախոսով հետեւյալ բովանդակությամբ հաղորդագրություն է ուղարկել ընկերոջը. «Զանգիր ինձ»:

Ընկերը զանգել է միայն մեկ ժամ անց, բայց Գեւորգի հեռախոսն անջատված է եղել։ Հաջորդ առավոտյան նա աշխատանքի չի գնացել, ինչը, ընտանիքի անդամների խոսքով, բնորոշ չէ միշտ առաջինը աշխատավայր հասնող ու պատասխանատու երիտասարդին։

Բոյաջյանի ընտանիքը նրա անհետանալու մասին ոստիկանությանը տեղեկացրել է չորս օր անց՝ հուլիսի 24-ին։ Գեւորգի անձնագիրը տանն է, իսկ բանկային քարտերն կամ հեռախոսահամարը հուլիսի 20-ից սկսած չեն գործածվել։ Տեղի հիվանդանոցներում եւ կալանավայրերում նույնպես նրան չեն գտել։ Որեւէ նշան, որ նա կարող էր ինքնասպանության դիմել, նույնպես չկա։ Գեւորգն աշխատում է Բըրբենքի բեռնափոխադրող ընկերություններից մեկում։