ԳԴՀ-ի նախկին կանցլեր Հելմուտ Կոլը 1982թ. իշխանության գալուց հետո պատրաստվում էր Արեւմտյան Գերմանիայից արտաքսել թուրք ներգաղթյալների կեսին: Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թեթչերի հետ Կոլի գաղտնի բանակցությունների արձանագրությունում, որոնք կայացել էին 1982թ. Բոննում: Բրիտանական ազգային արխիվի կողմից գաղտնազերծված փաստաթղթերը հայտնվել են Spiegel ամսագրի տնօրինման տակ:
Ըստ արձանագրության՝ Գերմանիայի կանցլերը անհրաժեշտ էր համարում չորս տարվա ընթացքում երկու անգամ կրճատել ԳԴՀ-ում թուրքերի քանակը, սակայն չէր ցանկանում այդ միտքը հայտնել հրապարակավ: Ըստ նրա՝ իշխանություններն ի վիճակի չեն եղել ձուլել թուրք ներգաղթյալներին: Իսկ մնացողներն էլ պարտավոր էին սովորել գերմաներեն, հայտնում է Lenta.ru-ն:
Կոլը պնդում էր, որ թուրքերը դժվար եւ դժկամությամբ են ինտեգրվում եվրոպական մշակույթին: Ըստ նրա՝ պետությունն ավելի քիչ խնդիրներ է ունենում պորտուգալացի, իտալացի եւ նույնիսկ Հարավարեւելյան Ասիայից ներգաղթողների հետ: Կոլը մնշում էր, որ թուրքերն ունեն ստիպողական հարսանիքների պրակտիկա, ինչպես նաեւ նրանք մյուս ազգություններից շատ են ապօրինի աշխատում:
1982թ. ԳԴՀ-ում բնակվում էր 1,5 միլիոն թուրք (ըստ վերջին պաշտոնական տվյալների՝ 2011թ. Գերմանիայում բնակվում էր թուրքական արմատներ ունեցող 2,95 միլիոն մարդ):





























