Գազայի հատվածի հազարավոր բնակիչներ ուրբաթ օրը աղոթքից հետո մասնակցել են «Երուսաղեմի Միջազգային օրվան» նվիրված ցույցին: Օրը նշվում է Ռամադան ամսվա ամեն վերջին ուրբաթ օրը:
Հանրահավաքի մասնակիցները, որոնց թվում են եղել ՀԱՄԱՍ-ի, «Իսլամական ջիհադի» ներկայացուցիչները եւ այլք, պահանջել են միավորել մահմեդականների շարքերը` Երուսաղեմն ու այնտեղ գտնվող «ալ-Աքսա» սուրբ մզկիթն ազատելու համար: Նրանք քննադատել են միջազգային հանրության լռությունը` կապված Երուսաղեմում «իսլամական, քրիստոնեական սրբավայրերի նկատմամբ իսրայելական օկուպացիոն իշխանությունների ռասիստական քաղաքականության» հետ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Բազմահազարանոց ցույցերը, կապված «Երուսաղեմի օրվա» հետ, սկսվել են ուրբաթ օրը Իրանի մայրաքաղաք Թեհրանում եւ այլ քաղաքներում: Մասնակիցները հակաիսրայելական ու հակաամերիկյան կարգախոսեր են հնչեցրել:





























