Լիտվայի երկու դեսպաններ կանչվել են երկրի ԱԳՆ, քանի որ նախարարության համապատասխան պատկան մարմինը հետաքննություն է սկսել այն աուդիոձայնագրությունների կապակցությամբ, որոնք հրապարակվել են youtube.com կայքում: Այս մասին հաղորդում է delfi.lt-ն` վկայակոչելով BNS-ին:

ԱԳՆ մամուլի քարտուղարը, պատասխանելով այն հարցին, արդյոք ստացվել են դեսպանների հրաժարականի դիմումները, ասել է, որ «այժմ հետաքննություն են վարում» եւ ավելի մանրամասն մեկնաբանություններ չի ներկայացրել:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ երկու դիվանագետները Հունգարիայում եւ Ադրբեջանում Լիտվայի դեսպաններն են: Հաղորդվում էր, որ նրանք հրաժարական են տվել:

Երկու դիվանագետներն էլ այժմ արձակուրդում են:

Հուլիսի 8-ին youtube-ում ձայնագրություններ են տեղադրվել, որոնցից մեկում, ինչպես նշվում է, խոսում են լիտվացի երկու դիվանագետներ։ Այդ խոսակցությունը տեղի է ունեցել ապրիլի 4-ին ժամը 12։50-ին։ Զրուցակիցները իրենց ոչ պաշտոնական տեսակետներն են կիսում Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների մասին, ինչպես նաեւ քննարկում են ղարաբաղյան հակամարտությանը, խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամական խմբի ստեղծմանը վերաբերող հարցեր։

Բոլոր տեսագրությունների հետ կան նաեւ անգլերեն սուբտիտրեր: