Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգի շքեղ հյուրանոցներից մեկում, օգոստոսի 1-ին, ռուսաստանցի զույգն ինքնասպանություն է գործել: Նրանք ցիանիդ են ընդունել՝ այլ քիմիական նյութերի հետ միասին, հաղորդում են տեղի լրատվամիջոցները:
Տղամարդու եւ կնոջ մարմինները, ում անունները գաղտնի են պահում, The Scotsman հյուրանոցի 6-րդ հարկում գտնվող համարի անկողնում հայտնաբերել են հյուրանոցի աշխատակիցները:
Ականատեսների խոսքով՝ դրանից մի քանի ժամ առաջ հյուրանոցի հյուրերը սկսել են բողոքել տհաճ հոտից, որը տարածվել է շենքի ներսում: Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ երբ զույգին հայտնաբերել են, նրանք արդեն մեկ օր մահացած են եղել: Հյուրանոցի աշխատակիցների ներկայացմամբ՝ նրանք հյուրանոցում գրանցվել են տարբեր ազգանուններով, հաղորդում է Lifenews.ru-ը:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության բրիգադը եւ քիմիական վարակի վերացման մասնագետները: Ոստիկանությունն արգելափակել է հյուրանոցի հարակից հատվածները:
Ինքնասպան եղած զույգի համարում տոքսիկ նյութերով կոնտեյներ է հայտնաբերվել, ինչպես նաեւ գրություն, որտեղ նշել են, որ ինքնասպան են լինում ցիանիդ ընդունելով:





























