Եթե հավատանք ադրբեջանական մամուլին, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը օրինակելի մահմեդական է դարձել:
Ինչպես հաղորդում է «Թրենդ» գործակալությունը, Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի նստավայրում իֆթար-ընթրիք է կազմակերպվել: Դեսպանը ողջունել է հյուրերին եւ ընթերցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի շնորհավորանքը ողջ աշխարհի մահմեդականներին:
Մորնինգսթարը նշել է, որ Ադրբեջանում ամենագեղեցիկն ու հաճելին այն է, որ կրոնական եւ էթնիկ համայնքների միջեւ պատմականորեն փոխադարձ հարգանք գոյություն ունի:
Սակայն ոչ մահմեդականների հետ իֆթար անցկացնել կարելի է, եթե դրա համար կան շարիաթական պատճառներ, օրինակ «ճշմարիտ կրոնի անցնելու կոչ կամ իսլամի նկատմամբ նրանց սրտերի մեղմացում» եւ այլն: Բայց եթե դա արվում է միայն նրանց նկատմամբ բարյացկամություն դրսեւորելու եւ նրանց ընկերակցությունը վայելելու համար, ապա դա վտանգավոր արարք է:
Մեզ չի հաջողվել պարզել, ԱՄՆ դեսպանը իսլա՞մ է ընդունել, թե՞ ներգրավվել է «վտանգավոր արարքի» մեջ: Իհարկե, տվյալ երկրի սովորությունները հարգելը դիվանագետի պարտականությունների մեջ է մտնում, բայց փաստարն աղավաղելն ավելորդ է:
Խոսելով տարբեր կրոնական եւ էթնիկ համայնքների միջեւ պատմականորեն գոյություն ունեցող հարգանքի մասին, դեսպանը, ըստ ամենայնի, անտեսել է այնպիսի փաստեր, ինչպիսին հայերին Ադրբեջանից արտաքսելն է, էթիկ զտումներ իրականացնելը, հայերի հանդեպ ատելություն սերմանելը, ի վերջո, ղարաբաղյան հակամարտությունը, որի կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի համանախագահներից մեկը ԱՄՆ ներկայացուցիչն է:





























