Սիլվիո Բեռլուսկոնիի կուսակցությունը մտադիր է դիմել Իտալիայի նախագահին՝ իրենց առաջնորդին ներումշնորհելու խնդրանքով: Նախկին վարչապետի կողմնակիցները հայտնել են, որ պատրաստ են վայր դնել մանդատները եւ դուրս գալ կառավարությունից, հայտնում է Corriere della Sera թերթը:
Թերթը նշում է, որ ԱԺ-ի պատգամավորներն ու սենատորներն արդեն ներկայացրել են իրենց հրաժարականները Պատգամավորների պալատի եւ Սենատի խորհրդարանական խմբերի ղեկավարներ Ռենատո Բրունետիին եւ Ռենատո Սկիֆանիին, որոնք մտադիր են հանդիպել պետության ղեկավար Ջորջո Նապոլիտանոյի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Իր հերթին Բեռլուսկոնին կողմնակիցների հետ հանդիպմանը հայտնել է դատական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտության մասին: Հակառակ դեպքում իր կուսակցությունը կպահանջի նոր ընտրություններ անցկացնել:
Իտալիայի վճռաբեկ դատարանը հինգշաբթի հաստատել էր Բեռլուսկոնիի մեղադրական դատավճիռը, ըստ որի` վերջինս դատապարտվում էր չորս տարվա ազատազրկման, որոնցից երեք տարին համաներման մասին օրենքով ներել էին նրան: Դատարանի այդ որոշումը Բեռլուսկոնիի նկատմամբ առաջին դատավճիռն էր, որը բողոքարկման ենթակա չէ:





























