Մայամիի ոստիկանությունը ձերբակալել է ԱՄՆ-ի մի քաղաքացուհու, որն աուտիզմով տառապող իր ավագ որդուն պահում էր կեղտոտ, երկաթե ճաղավանդակներով մութ սենյակում, որպեսզի տղան չխանգարի ընկերոջ հետ իր ժամանցին:

Associated Press-ը հայտնում է, որ 56-ամյա Գլեդիս Ջարամիլոն իր հիվանդ որդուն ստիպում էր ուժեղ ազդող դեղորայք ընդունել, փակում էր այդ սեյնակում եւ գնում  «անձնական կյանքը կառուցելու»:

Պարզվել է, որ 30-ամյա տղամարդը փակի տակ է անցկացրել իր կյանքի մեծ մասը: Ոստիկանները նրան գտել էին մեխված պատուհանով եւ միայն դրսից փակվող դռնով փոքր սենյակում: Ոստիկանությունից հայտնել են, որ սենյակում ոչ մի
լուսավորություն չի եղել եւ մեզի սուր հոտ է փչել:  Երիտասարդը սենյակում երկար է մնացել առանց սննդի, ջրի եւ լոգարանի կամ հեռախոսի, հաղորդում է  Russia Today-ը:

Գլեդիս Ջարամիլոն ձերբակալվել է եւ այժմ մեղադրվում է հաշմանդամի նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ: Կինը խոստովանել է, որ «բազմիցս որդուն փակի տակ է պահել` ընկերոջ հետ հանդիպելու եւ հաճելի ժամանակ անցկացնելու համար»: