Բրիտանական The Guardian թերթը գրում է, որ մարջանախութերի աշխարհում ամենախոշոր կուտակումը վերացման վտանգի տակ է։ Պատճառը շրջակա միջավայրի աղտոտվածությունն է, կլիմայական փոփոխությունները եւ մեծ չափերի հասնող ձկնորսությունը։
Գիտնականները վստահ են, որ կարիբյան խութերի վիճակն այն սպառնալիքի արտացոլանքն են, որին բախվում են մարջաններն ամբողջ աշխարհում։ Այս պահին տարածաշրջանի խութերի 80 տոկոսի վերացում է գրանցվել։
The Catlin Scientific Survey թիմը մտադիր է կարիբյան մարջանների ծավալուն հետազոտություն անցկացնել։ Այն ցույց կտա, թե հատկապես որտեղ է քայքայումն ամենաշատն ազդել եւ թույլ կտա վերլուծել անհետացման պատճառները։
Միաժամանակ, մարջանների անհետացումը քայքայում են Կարիբյան կղզիների տնտեսությունը, որտեղ միլիոնավոր մարդիկ ձկնորսությունից եւ զբոսաշրջությունից ստացած եկամտով են գոյատեւում։
Բնապահպանները զգուշացնում են, որ շրջակա միջավայրի վիճակն անմիջականորեն ազդում է տեղի տնտեսության վրա։ Բացի այդ, մարջանախութերը կետերի եւ շնաձկների կեր հանդիսացող ծովային շատ օրգանիզմների բնակության վայր են, գրում է Russia Today-ը։
Ավստրալիայում Բարիերային Մեծ խութի ճակատագիրը եւս կասկածի տակ է։ Մասնագետները նշում են, որ դրա էկոհամակարգը շատ խոցելի է, եւ հանքարդյունահանող ու էներգետիկական ընկերությունները դրան անդառնալի վնաս են հասցնում։
Մարջանների գոյության եւս մեկ սպառնալիք է գլոբալ տաքացումը. Ամենաանշան տաքացումն էլ հանգեցնում է պոլիպների վերացմանը, որոնցից ձեւավորում են խութերը։ Այդ պատճառով տեղի է ունենում մարջանների գունազրկում։





























