Այսօր` մարտի 12-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի նորանշանակ դեսպան Թիան Չանչունին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Ինչպես NEWS.am–ը տեղեկանում է ԱԳՄ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, շնորհավորելով դեսպանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանում մեծ կարեւորություն են տալիս Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը:

Դեսպան Չանչունը վստահեցրել է, որ բոլոր ջանքերը կգործադրի գոյություն ունեցող գործընկերային համագործակցությունը առավել զարգացնելու համար:

Նրանք քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` առեւտրատնտեսական հարաբերությունների խթանմանը, իրավապայմանագրային դաշտի կատարելագործմանը, մշակութային ու կրթական փոխանակումների ընդլայնմանը, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության խորացմանը եւ ապակենտրոնացված համագործակցությանը վերաբերող հարցեր:

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Չանչունը մտքեր են փոխանակել նաեւ միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի մի շարք խնդիրների շուրջ: