Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կրկին պնդում է, որ երթուղային գիծ չունի, ասում, որ նախկինում ունեցել է: NEWS.am-ի թղթակցի հարցին, թե մամուլում լուրեր են շրջանառվում, որ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը իր հարցազրույցներից մեկում ասել է, որ իր որդին գծատեր է, Տարոն Մարգարյանը պատասխանել է. «Այո, ես հիմա էլ եմ կրկնում, որ գծատեր չեմ: Ինչ վերաբերում է հորս ասածին, ապա այն եւս ճիշտ է: Սակայն պետք չէ մոռանալ, որ հայրս այդ մասին ասել է 7 տարի առաջ, մինչդեռ ինձ ուղղվող հարցը այսօրվա մասին է, ինչին ես հստակ պատասխանել եմ»:
Նշենք, որ լրագրող Արմեն Դուլյանն էլ Facebook-ի իր էջում հիշեցրել էր, թե 2006թ. դեկտեմբերի 29-ին հարցազրույց է արել երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ եւ հարցրել երթուղայինի գծերի մասին: Նախկին վարչապետը պատասխանել էր. «Ես չունեմ, բայց տղաս ունի: Ինչ որ կա՝ գաղտնիք չի, ես չեմ ասել, որ տղաս բիզնեսով չի զբաղվում՝ զբաղվում է»: Նշենք, որ այդ ժամանակ Տարոն Մարգարյանը Ավանի թաղապետն էր:





























