Սնանկացման եզրին կանգնած Փայլակ Հայրապետյանը ՔԳՎ ՀԿԳ-ի վարույթում քննվող գործի շրջանակներում 23 գործարարների հետ առերեսման են կանչել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Փայլակ Հայրապետյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ առաջիկայում շատ հնարավոր է առերեսման կանչեն նաեւ նախարարներին: Փայլակ Հայրապետյանը տեղեկացրեց, որ կարող է  հարցաքննության հրավիրվի նաեւ վարչապետը:

Հիշեցնենք, որ Քննչական գլխավոր վարչության հատուկ կարեւորագույն գործերով քննության վարչությունում որոշում է կայացվել Աշոտ Սուքիասյանին մեղադրանք առաջադրել առանձնապես խոշոր չափերով խարդախության (ՀՀ Քր.օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու (184-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետ) եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (190-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ) համար: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել է հետախուզում:Իսկ Փայլակ Հայրապետյանին տուժած էին ճանաչել:

Ավելի վաղ Փայլակ Հայրապետյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ 2009 թ էկոնոմիկայի նախարարության շենքում նախարար Ներսես Երիցյանի մոտ հանդիպում-խորհրդակցություն է կազմակերպվել 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ, որին ներկա է եղել նաեւ ինքը։ Հանդիպման հիմքում եղել է  Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով։ Իսկ այդ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեն աշխատել։ Խորհրդակցությանը ներկա են եղել  նաեւ վարչապետը։ «Այդ օրը գործարարներից Աշոտ Սուքիասյանը, ով  «Ձորագյուղ» ԱԿ նախագահն էր, ներկա գործարարներին հավաստիացրել է, որ ինքը կարող է Ռուսաստանի առաջարկածից մինչեւ 30 տոկոս ավելի էժան եւ ավելի բարձր որակի ապրանք առաջարկել, քանի որ ինքն Աֆրիկայում՝ Սիերա Լեոնե պետությունում, ոսկու եւ ադամանդի հանքեր ունի։ Ավելին` Սուքիասյանը ծրարով բերել է իր ապրանքը՝ 370 կարատ ադամանդի հումքը, եւ գործարարները հավանություն են տվել: Բայց գործը սկսելու համար Սուքիասյանը 12 միլիոն դոլար ներդրում է պահանջել՝ սարքավորումներ, մեքենաներ գնելու համար: Ես, լինելով բոլորից ավելի տարիքով եւ լինելով հայրենասեր, առաջարկեցի գրավադրել իմ ունեցվածքը»,–  մանրամասնել էր Փայլակ Հայրապետյանը եւ ավելացրեց, որ համաձայնության գալուց հետո գրավադրել է 33 միլիոն դոլարի արժողությամբ իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված մոտ 10 միլիոն դոլար տալիս Սուքիասյանին:  Ընթացքում նա վերցված գումարներով, ոչ աշխատանք է իրականացրել, ոչ գումարն է  վերադարձրել: Դատական գործ է հարուցվել, որի ընթացքում Հայրապետյանները կորցրել են իրենց ընտանիքին պատկանող «Հայաստան» հանրախանութի մի մասը: