Երեկ երեկոյան Մոսկվայում մահափորձ է կատարվել քրեական հեղինակություն` «օրենքով գող» Վյաչեսլավ Իվանկովի վրա, ով հանրությանը հայտնի է «Յապոնչիկ» մականունով: Իվանկովը կենդանի է մնացել, սակայն վիրավորվել է որովայնից եւ նրան վիրահատել են: Ինչպես հայտնում է «Ռիա նովոստի»-ն, «Յապոնչիկի» վրա կրակողները երկու պրոֆեսիոնալ դիպուկահարներ են եղել: Մահափորձը կատարվել է երեկ երեկոյան Մոսկվայի ժամանակով ժամը 19-ին, Խորոշևսկի փողոցի 25–րդ տան մերձակայքում, երբ նա ռեստորանից դուրս գալիս է եղել:

«Դիպուկահար մարդասպանները թաքնվել են ոչ հեռու կայանված „Գազել“ մեքենայի մեջ: Իվանկովը վիրավորվել է և անմիջապես հոսպիտալացվել», -հաղորդել է լրատվամիջոցի աղբյուրը:

Այժմ օպերատիվ մարմինները ուսումնասիրում են հանցագործության վայրը, հարցաքննում ականատեսներին և անցկացնում այլ օպերատիվ միջոցառումներ։

Ըստ նախնական տվյալների, «Յապոնչիկի» առողջական վիճակը գնահատվում է ծանր, նա գտնվում է Բոտկինի հիվանդանոցի վերակենդանացման բաժնում: