Կենսաթոշակները արդեն բաժանվում են, իսկ ուշացման պատճառը ցուցակների փոխանցումն է եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայփոստ» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը: Նրա խոսքով՝ «Հայփոստն» ընդամենը վճարում է իրականացնում, որն արվում է ցուցակների տրամադրումից հետո: Գ. Աբրահամյանը նաեւ տեղեկացրեց, որ ցուցակները արդեն տրվել են եւ վճարումներն իրականցվում են:
Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի մամուլի քարտուղար Արամայիս Շահբեկյանն էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ցուցակները կազմվելուց հետո էլեկտրոնային տարբերակով ուղարկվում են տարածքային ստորաբաժանումներ: «Տարածքային ստորաբաժանումն էլ դիտարկում է անում եւ, եթե անհրաժեշտություն կա ճշգրտումներ անելու, ճշգրտումներն անում է եւ հետո արդեն գալիս է «Հայփոստ»՝ վճարումների համար: Այս փուլում եղել են որոշ փոստային բաժանմունքներ, որոնք սկսել են ավելի ուշ, քան մնացածը: Բայց այս պահին որքանով ես տեղեկացված եմ բոլորը վճարվում են»,- ավելացրեց մամուլի քարտուղարը:
Նշենք, որ թոշակները սովորաբար բաժանվում են օգոստոսի 1-2-ին, սակայն վճարվեցին օգոստոսի 5-ին, ինչն առաջացրել էր թոշակառուների զայրույթը:




























