Այսօր Մոլդովայում տեղի են ունենում խորհրդարանի արտահերթ ընտրություններ: Սրանք արդեն երկրորդ խորհրդարանական ընտրություններն են այս տարվա ընթացքում եւ կարեւորվում են նրանով, որ Մոլդովայում հենց խորհրդարանն է ընտրում նախագահին ու ձեւավորում կառավարություն:
Նախօրեին երկրից վտարել են Ռուսաստանի, Ուկրաինայի եւ ԱՊՀ ու Արեւելյան Եվրոպայի այլ երկրների դիտորդներին: Նրանք ENEMO դաշինքի դիտորդական կազմակերպությունների անդամներ են: Մոլդովայի ԿԸՀ աղբյուրը տեղեկացրել է, թե դիտորդների հավատարմագրման մերժումը եւ վտարումը պայմանավորված է նրանով, որ դիտորդներից շատերը այդ կամ այն կերպ առնչություն ունեն «գունավոր հեղափոխությունների» հետ:
Հիշեցնենք, որն այս տարվա պրիլին անցկացված խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին բողոքի զանգվածային գործողություններով, որոնք կազմակերպել էր ընդդիմությունը: Այդ ժամանակ ընդդիմության ակցիաները վերաճեցին անկարգությունների, արի արդյունքում ցուցարարները գրավեցին նախագահի նստավայրն ու խորհրդարանի շենքը, որից հետո երկրում քաղաքական ճգնաժամ սկսվեց: Պատգամավորները չկարողացան երկրի նախագահ ընտրել, որը պետք է փոխարիներ իր երկրորդ ժամկետն ավարտող Վլադիմիր Վորոնինին: Ընդդիմությունը չէր թաքցնում, որ մտադիր է հասնել խորհրդարանի լուծարմանը եւ նոր ընտրությունների:
Ինչպես ցույց են տվել նախընտրական հարցումները, քվեարկությունը դժվար թե մեծ փոփոխություններ առաջացնի քաղաքական ուժերի հարաբերակցությունում: Սոցիոլոգները նշում են, որ առաջատարն այս ընտրություններում կլինեն կոմունիստները, որոնց օգտին պատրաստ են քվեարկել ընտրողների 30-40 տոկոսը: Նրանց հետեւում են Լիբերալ, Դեմոկրատական եւ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունները` 13,2, 9,6 եւ 7,2 տոկոսներով:



























