Մերձավորարեւելյան միջնորդների քառյակը՝ Ռուսաստանը, ԱՄՆ, ՄԱԿ-ը եւ Եվրամիությունը դատապարտել են Արեւելյան Երուսաղեմում նոր բնակելի տներ կառուցելու Իսրայելի ծրագրերը։
ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ քառյակը մտադիր է շարունակել հսկողությունը Երուսաղեմում տիրող իրավիճակի նկատմամբ եւ նախատեսել լրացուցիչ քայլեր, որոնք կարող են պետք գալ տարածաշրջանում իրավիճակի փոփոխության համար։
«Ցանկացած միակողմանի գործողություններ, որը կձեռնարկի կողմերից մեկը, չի կարող կանխորոշել բանակցությունների արդյունքը եւ չի ճանաչվի միջազգային հանրության կողմից», ասված է հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ընդհանուր վերլուծությունը կներկայացվի մարտի 19-ին Մոսկվայում կայանալիք քառյակի հանդիպմանը։
«Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ, նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ։ Զրույցի ընթացքում, պետքարտուղարը նշել է, որ իսրայելցիների մտադրությունը՝ շարունակել բնակարանների կառուցումը Երուսաղեմի արեւելյան թաղամասերում, բացասական ազդակ է ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարաբերությունների համար։
Հիշեցնենք, որ երկուշաբթի Իսրայելում հայտարարել են Արեւլյան Երուսաղեմում 1600 բնակարանների կառուցման մասին, ինչը իսրայելա-պաղեստինյան հիմնական փորձաքարն է։
Իսրայելի ներքին գործերի նախարարությունը հաստատել է, որ նոր բնակարանները նախատեսվում է կառուցել քաղաքի Ռամաթ-Շլոմո հատվածում, որը պաղեստինցիներն ուզում են հռչակել իրենց ապագա մայրաքաղաքը։



























