«Եթե հայկական պատվիրակությունը ներկա չլիներ ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձեւի քննարկումներին, ամեն ինչ գուցե այլ կերպ ավարտվեր»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսում N252 բանաձեի քննարկմանը ներկա գտնված պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը։
Նշելով, որ հայկական կողմին հաղթանակն այս անգամ դժվարությամբ է տրվել, նա կարծիք հայտնեց, որ դա Հայ Դատի ամերիկյան գրասենյակի եւ ՀՀ իշխանությունների համատեղ ջանքերի արդյունք է եղել. «Այս անգամ, բարեբախտաբար, կարող ենք ասել, որ հայության եւ Հայ Դատի աշխատանքներին միացան նաեւ պետության ջանքերը։ Սակայն պնդել, որ այդ միասնական ջանքերը վճռորոշ են դարձել, դեռ վաղ է»,- համոզմունք հայտնեց Վ. Հովհաննիսյանը՝ հավելելով, որ պետության ներկայությունն այդ քննարկումներին, այնուամենայնիվ, ողջունելի էր։ «Կարեւորն այն է, որ պատվիրակության կազմում էին նաեւ ՀՀԿ պատգամավորներ, ինչը նշանակում է, որ սրանք նաեւ կոալիցիայի ջանքերն էին»։
Նրա խոսքով, ՀՅԴ-ն մարտի 4-ին Միացյալ Նահանգներ հայկական պատվիրակություն գործուղելու առաջարկով Ազգային ժողովում հանդես է եկել շատ ավելի վաղ, սակայն իրենց գաղափարը հավանության արժանացել է միայն մեկնելուց օրեր առաջ։ «Նույնիսկ վերջին պահին որոշ շրջանակներ կասկածում էին այցի նպատակահարմարությանը, եւ դա էր պատճառը, որ ԱԺ պաշտոնական կայքէջում հայկական պատվիրակության ԱՄՆ մեկնելու մասին հայտարարություն այդպես էլ չտեղադրվեց»,- նշեց նա՝ ընդգծելով, որ դա մեծ սխալ էր։
ԱԺ պատգամավորի խոսքով, հայկական պատվիրակությունից առաջ մեկնել եւ ԱՄՆ Կոնգրեսում բավական ակտիվ աշխատում էին թուրքական 3 պատվիրակություններ, որոնցից երկուսը՝ խորհրդարանական, երրորդը՝ թուրք գեներալների խումբ, որի գործունեությունը, պատգամավորի խոսքով, առավել քողարկված էր։ «Մեր հետագա քայլերը պետք է լինեն ԱՄՆ կառավարության հետ աշխատանքներ իրականացնելը»,- ընդգծեց Վ. Հովհաննիսյանը՝ նկատելով, որ մինչ այժմ հայկական լոբբին աշխատել է Կոնգրեսի որոշումների վրա ազդել ժողովրդի միջոցով, սակայն արդեն վաղուց ժամանակն է սկսել աշխատանքներ տանել ԱՄՆ կառավարական շրջանակների հետ։
Հիշեցնենք, որ մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 23 կողմ եւ 22 դեմ ձայներով ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: Դրան ի պատասխան՝ Թուրքիան ԱՄՆ-ից հետ էր կանչել իր դեսպան Նամըք Թանին՝ «խորհրդատվություններ անցկացնելու նպատակով»:



























