Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը մարտի 11-ին Ստամբուլի Դոլմաբախչեի պալատի վարչապետի գրասենյակում հանդիպել է Թուրքիայի ազգային եւ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ։
NEWS.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ այս հանդիպմանը մասնակցել է 21 ներկայացուցիչ, այդ թվում, Թուրքիայի հրեաների րաբբի Իցհակ Հալեւան, վրացական եկեղեցու կողմից՝ Սիմոն Զազադեն, Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի ղեկավար, արք. Արամ Աթեշյանը, Թուրքիայի հունաց պատրիարք Բարդուղիմեոսը եւ այլն։
Հանդիպման ընթացքում ընթացքում Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի ղեկավար, արք. Արամ Աթեշյանը շնորհակալություն է հայտնել պետության կողմից նման ընդունելության եւ իրենց հուզող հարցերը լսելու համար։ Պատրիարքարանի կայքէջի փոխանցմամբ՝ արք. Արամ Աթեշյանը փոխվարչապետի ուշադրությունն է հրավիրել հայկական համայնքին հուզող խնդիրների վրա։ Հատկապես նշվել է Ստամբուլում անօրինական աշխատող հայաստանցիների երեխաների ուսման հարցը։ Արամ սրբազանը առաջարկել է նրանց թույլ տալ հաճախել ուսումնական հաստատություններ՝ որպես ազատ այցելու։ Ներկայացվել է նաեւ պետության կողմից փակված հայկական վարժարանների կամ այլ հաստատությունների տնօրինումը՝ ըստ համայնքի հայեցողության։
Թուրքիայի փոխվարչապետը, խոստանալով համայնքին վերաբերող հարցերին լուծում տալ, հիշեցրել է, որ վերջին շրջանում հայկական համայնքին է վերադարձվել 25 կալվածք։
Նշենք, որ ամիսներ առաջ արք. Արամ Աթեշյանը Ստամբուլում ապրող եւ աշխատող հայաստանցիների երեխաների ուսման հարցը բարձրացրել էր նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջ։ Էրդողանը իր հերթին հայտարարել էր, որ այդ խնդիրը պետք է լուծվի օրենսդրական ճանապարհով։



























