Մարտի 10-ին Չիլիի նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով այդ երկրում գտնվող Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը հանդիպել է Չիլիի նախագահ Միշել Բաչելետի հետ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում ԱԳՆ մամուլի ծռայությունից, դեսպան Կարմիրշալյանը նախագահ Բաչելետին է փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցությունները երկրում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով հարյուրավոր զոհերի կապակցությամբ, ինչպես նաեւ հայ ժողովրդի եւ Հայաստանի կառավարության զորակցությունն է հայտնել Չիլիի ժողովրդին եւ կառավարությանը:

Մարտի 11-ին Վլադիմիր Կարմիրշալյանը Չիլիի Վալպարաիսո քաղաքում ներկա է գտնվել նորընտիր նախագահ Սեբաստիան Պինյերայի երդմնակալության արարողությանը: Արարողությանը մասնակցել են մի շարք երկրների նախագահներ, բազմաթիվ պատվիրակություններ այլ երկրներից եւ օտարերկրյա դիվանագետներ:

Մայրաքաղաք Սանտյագոյում դեսպան Կարմիրշալյանը այցելել է չիլիահայ համայնքի հավաքատեղի հանդիսացող «Հայ տունը»: Համայնքի ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Սփյուռք համագործակցությանը չիլիահայ համայնքի առավել ակտիվ մասնակցության հնարավորությունները: