Այս տարվա հունիսին առանձնատների շուկան հետաքրքիր «փաստ» է արձանագրել. Երեւանի վարչական շրջանների կտրվածքով, հունիսին միջին գները բացարձակ ճշգրտությամբ համընկել են մայիսի ցուցանիշների հետ:

Նշենք, որ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն տարբեր մասշտաբի առանձնատների փաստացի գները մտցնում է մեկ ստանդարտի տակ՝ 250 քմ մետրով: Միաժամանակ, սեփական առանձնատան մեկ քմ-ի գնի մեջ ներառվում է 400 քմ տնամերձ հողատարածքների արժեքը: Հաշվի է առնվում ոչ միայն առանձնատների գները, որոնք արձանագրվում են առք ու վաճառքի ժամանակ, այլեւ առաջարկի գները:

Արդյունքում հունիսին Երեւանում առանձնատների մեկ քմ-ի միջին գինը մնացել է մայիսի մակարդակին՝ ուղիղ 286,6 հազար դրամ (մոտ 695 դոլար): Նախորդ տարվա հունիսի համեմատությամբ՝ այս տարվա հունիսին այդ ցուցանիշն աճել է 4,3 տոկոսով:

Մեկ տարում դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ մի փոքր թուլացել է (0,5 տոկոսով), որի հետեւանքով միջին գնի հավելաճի տեմպը դոլարով մի փոքր ավելի է (4,8 տոկոս):

Այսպիսին է Երեւանում առանձնատների շուկայում իրավիճակը, եթե դրա մասին դատենք պաշտոնական տվյալներից ելնելով:

Նույն պաշտոնական տվյալներով՝ Երեւանում առանձնատների առք ու վաճառքի քանակը տարեկան կտրվածքով կրճատվել է 7 տոկոսով, այդ թվում երկրորդ կիսամյակում՝ 15 տոկոսով: Այսինքն գնողունակ պահանջարկի կրճատման գործընթացն ըստ եռամսյակների ավելացել է, բայց գները «չեն արձագանքում» այդ միտումներին: