Պահակակետի դիտաշտարակում, ըստ պաշտոնական նախնական վարկածի, իրեն ամրակցված ԱԿՍ-74 տիպի ինքնաձիգից հուլիսի 31-ին, ժամը 13:20-ի սահմաններում ինքն իրեն մահացու հրազենային վիրավորում հասցրած եւ մահացած Մանուչար Մերուժանի Մանուչարյանի հարազատները պայքարելու են, որ ճշմարտությունը բացահայտվի, քանի որ չեն հավատում ինքնասպանության վարկածին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին Մանուչարի հարազատները:
Նրանք նաեւ տեղեկացրեցին, որ մինչեւ այսօր ոչ ոք իրենց ՊՆ-ից, ոչ հանդիպել է, ոչ էլ բացատրություն է տվել կատարվածի համար: Նրանց խոսքով՝ իրենք պայքարելու են, որ ճշմարտությունը ջրի երես դուրս գա եւ հերթական անգամ բացառեցին Մերուժանի աղանդավոր լինելու հանգամանքը: Այդ վարկածը ստուգելու պատճառ էլ չեն տեսնում: «Ես դա գիտեմ, համոզված եմ, որ նման բան չկա»,- ասաց ազգականը:
Հիշեցնենք, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը գրություն է ուղարկել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ պաշտոնական վարկածով ինքն իրեն ամրակցված ԱԿՍ-74 տիպի ինքնաձիգից հուլիսի 31-ին մահացու հրազենային վիրավորում հասցրած եւ մահացած Մանուչար Մանուչարյանի մահվան փաստով մանրամասները ճշտելու եւ իրենց կողմից ձեռնարկված միջոցների մասին տեղեկանալու նպատակով: Իսկ Մանուչարի մորն ասել են, թե տղան «աղանդավորական շարժման» անդամ է եղել եւ դրանով է պայմանավորված ինքնասպանության հանգամանքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էին Մանուչարի հարազատները: Այնինչ, մայրը պնդել է, որ իր որդին հայ առաքելական եկեղեցու հետեւորդ է եղել, իսկ «աղանդավորական շարժման» վերաբերյալ պատմությունը հորինվածք է:
Մայրը նշել էր նաեւ, որ իրենց ընտանիքը շատ դժվարություններ է հաղթահարել եւ նոր-նոր ոտքի էր կանգնում, հետեւաբար որդին չէր գնա ինքնասպանության: Մորն ասել են նաեւ, որ որդու դիակի մոտ այրված թուղթ է հայտնաբերվել, որը եւս կապել են աղանդավորականության հետ: Արցունքն աչքերին պատմելով այս մասին, Մանուչարի մայրը ավելացրել է, որ այսքան ժամանակ լռել է, բայց էլ չի լռելու: Նրանք ընտանիքում 3 երեխա են, Մանուչարն ունի իրենից մեծ եղբայր եւ իրենից փոքր քույր: Նրա ծնողներն ամուսնալուծված են, երեխաներն ապրում են մոր հետ: Հարազատները նշեցին, որ այս գործն այսպես չեն թողնելու: Ավելի վաղ էլ Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ հուլիսի 31-ին, ժամը 13:20-ի սահմաններում N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մանուչար Մերուժանի Մանուչարյանը գտնվելով պահակակետի դիտաշտարակում, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ԱԿՍ-74 տիպի ինքնաձիգից ինքն իրեն հասցրել է մահացու հրազենային վիրավորում: Փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 110 հոդ. 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) Հայաստանի ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Տղայի ընտանիքը գրացված է Ստեփանավանում, սակայն բնակվում են Վանաձորում:





























