Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալված «օրենքով գող» Արտյոմ Առաքելյանը (Արտյոմ Լիպեցկի) իր կրիմինալ  գործունեությունը հիմնականում իրականացրել եւ ազդեցությունը ամրապնդել  է Լիպեցկում եւ ստացել «Արտյոմ Լիպեցկի» մականունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին նրան մոտ կանգնած աղբյուրները:

Գրող Սերգեյ Գալոյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նա «օրենքով գող» Դեդ Հասանի շրջապատից է եւ նրա ամենավստահելի մարդկանցից մեկը, որը հաճախ է Երեւան  եկել-գնացել: Նա մեկ անգամ ձերբակալվել է անցյալ տարի՝ հերոին եւ ապօրինի զենք պահելու համար: Արտյոմն ամուսնացած չէ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մոսկովյան «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է «օրենքով գող» Արտյոմ Առաքելյանը, որը սպանության համար գտնվում էր միջազգային հետախուզման մեջ: Այս մասին օգոստոսի 10 –ին հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ  քրեական հետախուզության գլխավոր վարչության մամուլի ծառայությունը: 34-ամյա Արտյոմ Առաքելյանը, որի մականունը Արտյոմ Լիպեցկի է, միջազգային հետախուզման մեջ էր հուլիսի 26 –ից: Առաքելյանը ժամանել է «Անթալիա- Մոսկվա» չվերթով եւ ձերբակալվել է օդանավակայանում սահմանային վերահսկողություն անցնելու ժամանակ: Նա կասկածվում է մեկ այլ «հեղինակություն» Սաշա Աբասի առեւանգմանը եւ սպանությանը մասնակցություն ունենալու մեջ: Առաքելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հաղորդվում էր, որ Առաքելյանը ձերբակալվել է 2012 թ-ին  եւ այդ ժամանակ դատապարտվել վեց ամսվա ազատազրկման:  2012թ. ամռանը նա «թագադրվել էր» Դեդ Հասանի կլանի կողմից: