22-ամյա Ալբերտ Թ-ն եւ 22-ամյա Սամվել Գ-ն, Արմինե Ն-ից պահանջել են իրենց հետ գնալ Վարդաշեն թաղամաս, մերժում ստանալուց հետո առաջարկել են տաքսիով ուղեկցել տուն եւ երբ համաձայնություն են ստացել, առեւանգել են Արմինեին: Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 22-ամյա Ալբերտ Թ-ն նախնական համաձայնության գալով ընկերոջ` 22-ամյա Սամվել Գ-ի հետ, Արմինե Ն-ից պահանջել են իրենց հետ գնալ Երեւան Վարդաշեն թաղամաս, սակայն, մերժում ստանալով, խաբեությամբ` Արմինեին տուն տանելու պատրվակով, Երեւանի Բագրատունյաց պողոտայում գտնվող «Նարինջ» բարի դիմացի հատվածում վերջինիս նստեցրել են «VIP» տաքսի ծառայության ավտոմեքենան եւ վարորդին պատվիրել ավտոմեքենան վարել դեպի «Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկ: Հասնելով այնտեղ, Ալբերտ Թ.-ն պահանջել է մեքենան վարել դեպի Վարդաշեն թաղամաս: Արմինեն, հասկանալով Ալբերտի մտադրությունը, վարորդից պահանջել է կանգնեցնել ավտոմեքենան, վերջինս էլ խաչմերուկն անցնելով կանգնեցրել է այն:

Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մարդ առեւանգելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ 4-8 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:

Գործը դատարան է  ստացվել օգոստոսի 9-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: